Երկրի ձգողության ուժ

Ձգողության ուժն է, որ մեզ բոլորիս պահում է Երկրի վրա: Երկրի ձգողության ուժը մեզ կշիռ է տալիս, և դրա շնորհիվ մենք զգում ենք մեր ծանրությունը: Մեր կշիռը կախված է մեր գտնվելու վայրից և փոփոխական է, որովհետև որքան մենք հեռու ենք Երկրի կենտրոնից, այնքան փոքր է Երկրի ձգողության ուժը: Հյուսիսային բևեռում մարդու կշիռն ավելի մեծ կլինի, քան հասարակածում, որովհետև Երկրագնդի շառավիղը հասարակածում ավելի մեծ է, իսկ հասարակածում բարձրանալով բարձր լեռան վրա` նա ավելի փոքր կշիռ կունենա: Երկրի ձգողության ուժն իր շուրջը պտտվող Լուսնին պահում է որոշակի ուղեծրում: Ճիշտ նույն ձևով Արեգակի ձգողության ուժը Երկիրն ու մյուս մոլորակները պահում է իրենց ուղեծրերում: Ձգողության ուժի շնորհիվ է, որ Արեգակը և 100 միլիարդ այլ աստղեր համատեղ կազմում են մեր Գալակտիկան: Քանի որ ձգողության ուժը Տիեզերքում գործում է ամենուրեք, այն անվանում են տիեզերական ձգողություն կամ գրավիտացիա: Տիեզերական ձգողության օրենքը 1687 թ-ին հայտնագործել է անգլիացի գիտնական Իսահակ Նյուտոնը՝ հիմնվելով Գալիլեո Գալիլեյի, Նիկոլայ Կոպեռնիկոսի, Տիխոն Բրահեի աշխատանքների և հատկապես Իոհան Կեպլերի հայտնագործած՝ մոլորակների շարժման օրենքների վրա: Տիեզերական ձգողության կամ Նյուտոնի օրենքն անհրաժեշտ ճշտությամբ բացատրում է Արեգակի շուրջը մոլորակների ու դրանցից կազմված համակարգերի շարժման շատ ու շատ հարցեր:

Posted in .

Leave a comment